Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել: Երեկ ամբողջ օրը վրացական լրատվամիջոցները գրում էին հնարավոր հրաժարականի մասին, բայց չէին կարողանում գտնել պատճառները: Խորհրդարանական որևէ ուժ վարչապետի հրաժարականը չի պահանջել, անգամ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, կարծես, հաշտվել էր, որ խորհրդարանական կառավարման պարագայում երկրում առաջին դեմքը վարչապետն է: Նույնիսկ հավերժական բամբասանքներ չկային, որ վարչապետին հանում են: Վրաստանի համար վարչապետի, ուրեմն և կառավարության, հրաժարականը, լիովին անակնկալ էր: Սորբոնի համալսարանի շրջանավարտ Իրակլի Ղարիբաշվիլին, որ լարիի անկումից հետո հրաժարական չտվեց, տարեմուտի նախօրեին իր որոշումը չի պատճառաբանել, միայն ասել է. «Ես այսօր լքում եմ այս պաշտոնը, բայց մնում եմ իմ երկրի հավատարիմ զինվորը»: Իսկ իբրև վարչապետ «զորակոչվել էր» 2013-ի նոյեմբերի 20-ից և համարվում էր Բիձինա Իվանիշվիլիի ամենավստահելի քաղաքական գործիչը: Ինչու՞ է Իվանիշվիլին որոշել 2016-ի խորհրդարանական ընտրություններից առաջ փոխել վարչապետին, ինչու է հենց հիմա համարել, որ կառավարությունն արդյունավետ չի աշխատում, դժվար է ասել: Կարելի է ենթադրել, որ նա ուզում է երկրում մթնոլորտ փոխել՝ վստահեցնելու, որ վրացական երազանքը շարունակվում է և վրացիները դեռ երկար են երազելու իր ղեկավարությամբ: Մարգվելաշվիլին իբրև հաշվետվություն՝ իր պաշտոնավարման տարիները բնորոշել է կայունության, օրինականության, պատասխանատվության և արդարության վերականգնման ժամանակահատված, հիշեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում է Վրաստանը ազատ առևտրի համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, պայմանավորվածություն ձեռք բերել ԵՄ երկրների հետ առանց վիզային ռեժիմի երթուդարձի շուրջ: Կարող էր հավելել, որ Ռուսաստանն էլ իր պաշտոնավարման վերջին օրերին վերացրեց վիզային ռեժիմը: Նախագահ Գեորգի Մագվելաշվիլին պետք է կոնսուլտացիաներ անցկացնի խորհրդարանական մեծամասնության հետ և առավելագույնը 7-օրում վարչապետի պաշտոնի նոր թեկնածու առաջադրի խորհրդարանին՝ սա ըստ Սահմանադրության, բայց Վրաստանում բոլորն էլ գիտեն, որ խորհրդարանական մեծամասնության ու նախագահի կարծիքը երկրորդական են, գլխավորը՝ ու՞մ է Բիձինա Իվանիշվիլին տեսնում վարչապետ: Պատահական չէ, որ որևէ թեկնածուի անուն չի շրջանառվում, իսկ ԶԼՄ-ը հիշում են միայն փոխվարչապետ, ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիին: Իսկ Ղարիբաշվիլի՞ն: Նա կարող է գլխավորել «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը և կոալիցիայի ընտրական ցուցակը: Այսինքն՝ շտաբի պետ դառնալու համար է հրաժարվել վարչապետի պաշտոնից:
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը և նախարարների կաբինետում փոփոխությունները կբերեն դրական արդյունքներ, քաղաքական գործչի գիտելիքները և փորձն օգտակար կլինեն կուսակցական աշխատանքում»՝, լրագրողներին ասել է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի նախագահ Գիա Վոլսկին: «Չենք շտապի եզրակացություններ անել, թե ինչու և ինչի համար է փոփոխությունը: Կարծում եմ, որ ամեն ինչ դեպի լավն է գնում։ Իրակլի Ղարիբաշվիլին միշտ եղել է մեր կուսակցության կարևոր դեմքերից մեկը և կոալիցիայի բավականին հաջող առաջնորդը: Կարծում եմ, որ նրա մտավոր ռեսուրսը և եռանդը պետք է օգտագործվեն և չպետք է կորչեն կուսակցության համար»,- մխիթարել է բատոնա Գիան: Արդեն հայտարարություն է արել նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին. «Վրաստանի նոր վարչապետի եւ կառավարության կազմի հաստատման գործընթացը կավարտվի մինչեւ տարեվերջ»: «Խորհրդարանական մեծամասնությունը դեկտեմբերի 25-ին կքննարկի հարցը, կնշի նոր վարչապետի թեկնածուի անունը եւ կդիմի նախագահին՝ առաջարկելով այդ թեկնածությունը ներկայացնել խորհրդարանին»,- ասել է Ուսուպաշվիլին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստորեն՝ անփոխարինելիներ Վրաստանում չկան և կարգին մոդել է խորհրդարանական կառավարման մոդելը: Վրաստանում: Իսկ ինչպիսի՞ն կլինի Հայաստանում: Մեր Բիձինա Իվանիշվիլի՞ն էլ է ձեռնոցների նման վարչապետեր ու նախարարներ փոխելու, թե՞ Վրաստանին զարգացում, մեզ՝ կայունություն է պետք: Եվ ինչու՞ Իվանիշվիլին ինքը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, ի՞նչ առավելություններ կան երկրորդ դեմքով կառավարման պարագայում: Ի՞նչ սպառնալիքներ ու վտանգներ: Նրանից ու նրա նկատմամբ: Մեզ համար այս հարցերը խիստ կենսական են՝ մենք էլ ենք դարձել խորհրդարանական հանրապետություն, ավելի ճիշտ՝ գլուխ առ գլուխ դառնալու ենք: Առայժմ նկատի ունեմ Սահմանադրությունը: Հետոն հետո կերևա: